ՄԱԱԶԿ-ը կազմակերպեց ներքին աուդիտ թեմայով դասընթաց ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի ուժի մոմենտի և ճնշման լաբորատորիաների մասնագետների համար
01 սեպտեմբերի 2025
Երևան, Հայաստան – 2025թ. օգոստոսի 25-29 – ԵՄ/ՄԱԱԶԿը, Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի շրջանակում, կազմակերպեց ISO/IEC 17025:2017 ստանդարտին համապատասխան ներքին աուդիտ թեմայով վերաբերյալ հնգօրյա գործնական դասընթաց Ստանդարտների և չափագիտության ազգային մարմնի (ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ) ուժի մոմենտի և ճնշման լաբորատորիաների մասնագետների համար։
Դասընթացի նպատակն էր ամրապնդել ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի տեխնիկական կարողությունները և նախապատրաստել ուժի մոմենտի և ճնշման լաբորատորիաները միջազգային հավատարմագրման։ Ներկայումս այս ոլորտներում ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ը չի տրամադրում միջազգայինորեն ճանաչված տրամաչափարկման ծառայություններ, այսպիսով վերապատրաստման դասընթացը կարևոր քայլ է ապագայում այդպիսի ծառայություններ ունենալու համար։
Գործնական դասընթացի ժամանակ մասնակիցներն իրականացրեցին ուժի մոմենտի և ճնշման տրամաչափարկում, չափման անորոշության գնահատում, ինչպես նաև ճնշման տրամաչափիչ սարքավորումների և օդային ճնշման հավասարակշռիչների կիրառում։ Ծրագրի կարևոր մաս էր միջազգային փորձագետի աջակցությամբ իրականացրած սիմուլյացիոն ներքին աուդիտը, որի ընթացքում ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի մասնագետները մշակեցին աուդիտի ծրագրեր, կազմեցին ISO/IEC 17025:2017 ստանդարտին համապատասխան ստուգաթերթեր և փորձարկեցին շեղումների հայտնաբերման ընթացակարգեր։ Դասընթացը ներառում էր նաև աուդիտի հաշվետվությունների, շտկողական գործողությունների ծրագրերի կազմում և շեղումների արդյունավետ կառավարում։
Դասընթացի ավարտին ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի աշխատակիցները ձեռք բերեցին հստակ պատկերացում լաբորատորիաների հավատարմագրման պատրաստվածության մասին, ինչպես նաև գործնական գործիքներ՝ ներքին աուդիտի ընթացակարգերը և որակի կառավարման համակարգերն ուժեղացնելու համար։ Այս ջանքերը նպաստում են Հայաստանի լայնածավալ նպատակին՝ որակի ենթակառուցվածքը համահունչ դարձնել միջազգային չափանիշներին՝ աջակցելով տնտեսության դիվերսիֆիկացիային, մրցունակությանը և ԵՄ–Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարմանը։
«Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագիրն իրականացնում է ՄԱԱԶԿ-ը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի կարողությունները՝ շահառուներին միջազգայնորեն ընդունելի չափագիտական ծառայություններ մատուցելու համար։ Հայաստանի չափագիտության համակարգի իրավական, կառուցվածքային և տեխնիկական կարգավորումների բարելավման միջոցով ծրագիրը նպաստում է համակարգի արդիականացմանը՝ խթանելով տնտեսության դիվերսիֆիկացիան և առևտրի մրցունակության բարձրացումը, ինչը համահունչ է ԵՄ-ի հետ ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով» (CEPA) Հայաստանի ստանձնած հանձնառություններին։
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել`
Ծրագրի ղեկավար Ցոնգ Վուին` C.WU@unido.org
Ծրագրի համակարգող Հայաստանում Մանե Թափալցյանին` m.tapaltsyan@unido.org