Մամուլի հաղորդագրություն

Ձեռք ձեռքի՝ ավելի լավ ապագայի համար․ ՊԳԿ-ն նշում է Երիտասարդության միջազգային օրը Ապարանում՝ նորարարությամբ, երկխոսությամբ և ստեղծարարությամբ

14 օգոստոսի 2025

Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ Միավորված Ազգերի Կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Հայաստանում համագործակցել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ՝ ընդգծելու երիտասարդների ներուժը գյուղատնտեսական պարենային համակարգերի ապագան ձևավորելու գործում։ 

Նկարագրություն՝ ՊԳԿ Հայաստանի ծրագրերի համակարգող Բոտագոզ Նարտաևան բացում է «Երիտասարդությունը գյուղատնտեսության մեջ․ մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկումը։
Լուսանկարը՝ © FAO

2025 թվականի օգոստոսի 12-ին կայացած միջոցառումը երկրի տարբեր ծայրերից երիտասարդների բերեց Արագածոտնի մարզի Ապարան քաղաք՝ նախաձեռնություններ մեկնարկելու, նոր գաղափարներ առաջ մղելու և տեղական լուծումների վրա հիմնված առաջնորդություն զարգացնելու նպատակով:

Միջոցառման ընթացքում շեշտադրվել է երիտասարդների առանցքային դերը՝ որպես գյուղատնտեսության և գյուղական զարգացման ոլորտում նորարարության, դիմադրողականության և վերափոխման շարժիչ ուժի: ՊԳԿ-ն խթանում է ներդրումները երիտասարդության մեջ և աջակցում է ազգային ջանքերին՝ ուղղված կայուն գործելակերպերի, նորարարության, ձեռնարկատիրության և առողջ կենսակերպի առաջմղմանը՝ ապահովելով, որ ապագա սերունդները զինված լինեն գյուղատնտեսական պարենային համակարգերի վերափոխումը զրոյից մինչև վերջ առաջնորդելու կարողություններով։

Միջոցառման առանցքում էր ՊԳԿ-ի կողմից կազմակերպված «Երիտասարդությունը գյուղատնտեսության մեջ․ մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով պանելային քննարկումը, որը համախմբել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների, մասնավոր հատվածի գործիչների, տեղական ինքնակառավարման մարմինների և երկու երիտասարդ ու խոստումնալից գյուղատնտեսների։ Նրանք ներկայացրել են սեփական փորձառությունները՝ ձեռնարկությունների ստեղծման, դժվարությունների հաղթահարման և համայնքային ազդեցություն ձևավորելու ուղղությամբ, անդրադառնալով այնպիսի խոչընդոտների, ինչպիսիք են ֆինանսավորման, հողի և գիտելիքի հասանելիությունը, ինչպես նաև ուսումնասիրել են, թե ինչպես կարող են նորարարությունն ու երիտասարդների կողմից ղեկավարվող նախաձեռնությունները նպաստել կայուն գյուղական զարգացմանը։

Որպես հետաքրքրաշարժ բաղադրիչ՝ միջոցառման ընթացքում կազմակերպվել են ինտերակտիվ մասնակցային խաղեր, որոնք նպատակ ունեին զարգացնել հետաքրքրասիրությունը և բարձրացնել առողջ սննդակարգի ու սննդի արժեքի վերաբերյալ իրազեկվածությունը։ ՊԳԿ-ի ինտերակտիվ տեղեկատվական տաղավարը ներկայացրել է կազմակերպության համաշխարհային և ազգային նախաձեռնությունները գյուղատնտեսության, անտառտնտեսության, կլիմայական դիմադրողականության և գյուղատնտեսական պարենային համակարգերի ոլորտներում։ Երիտասարդ մասնակիցները հնարավորություն են ունեցել շփվելու ՊԳԿ-ի փորձագետների հետ, ծանոթանալու Հայաստանում իրականացվող ծրագրերին և մասնակցելու առողջ սննդակարգի, սննդի արժեքի ու խելամիտ սննդի ընտրության վերաբերյալ բազմազան խաղերի և վիկտորինաների։

«Ամենաօգտակար բրդուճ» մրցույթում ութ թիմ է մասնակցել՝ վերաիմաստավորելով Հայաստանում սիրված ավանդական սենդվիչը՝ օգտագործելով թարմ, տեղական ծագում ունեցող և սննդարար բաղադրիչներ։ Այս մրցույթը համատեղում էր ինչպես ստեղծագործական մոտեցումը, այնպես էլ սննդի մասին գիտելիքները՝ միաժամանակ ընդգծելով տեղական սննդային ավանդույթների կարևորությունը  առողջ սննդակարգի խթանման գործում։

Նկարագրություն՝ «Ամենաօգտակար բրդուճ» մրցույթի մասնակիցները՝ հայտնի խոհարար Սեդրակ Մամուլյանի հետ:
Լուսանկարը՝ © FAO

Միջոցառմանը ստեղծարարական շունչ հաղորդելու համար ներգրավվել են երիտասարդ նկարիչներ, ովքեր մասնակցել են նկարչական մրցույթին՝ որը ոգեշնչված էր ՊԳԿ-ի 80-ամյակի թեմայից՝ «Ձեռք ձեռքի տված՝ ավելի լավ սննդի և ավելի լավ ապագայի համար»։ Նրանց ստեղծագործություններն արտացոլում էին երիտասարդների տեսակետները սննդի անվտանգության, համերաշխության և կայուն զարգացման վերաբերյալ՝ միջոցառումն ամբողջացնելով գունագեղ և մտորումներ առաջացնող պատկերներով։

Երիտասարդության միջազգային օրն Ապարանում ոչ միայն տոն էր, այլև հարթակ՝ երիտասարդների համար սովորելու, ինքնարտահայտվելու, իրենց գաղափարներով փոխանակվելու և կայուն սննդային գործելակերպերի վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերելու համար։ Այն արտացոլում էր ՊԳԿ-ի ավելի լայն տեսլականը՝ լիազորել երիտասարդներին՝ առաջնորդելու ավելի կայուն, ընդգրկուն և դիմացկուն սննդային համակարգերի ձևավորման գործընթացը՝ թե՛ տեղական, և թե՛ համաշխարհային մակարդակներում։

Anna Poghosyan

Աննա Պողոսյան

ՊԳԿ
Հաղորդակցության մասնագետ

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՊԳԿ
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ