Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթի ամփոփման կապակցությամբ երկրներին կոչ է արվում ներդրումներ կատարել հօգուտ առողջապահական համակարգերի և աջակցել կրծքով կերակրող մայրերին
08 օգոստոսի 2025
ԱՀԿ գլխավոր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլի համատեղ հայտարարությունը։
ԺՆԵՎ/ՆՅՈւ ՅՈՐՔ, օգոստոսի 8, 2025 թ. - Կրծքով կերակրումը երեխայի առողջության, զարգացման և կյանքի պահպանման ամենարդյունավետ միջոցներից մեկն է կյանքի վաղ փուլերում: Այն երեխայի առաջին պատվաստանյութն է, որ պաշտպանում է հիվանդությունների դեմ, այդ թվում՝ փորլուծության և թոքաբորբի:
Ներդնել հօգուտ կրծքով կերակրման՝ նշանակում է ներդնել հօգուտ ապագայի: Այնուամենայնիվ, մինչև վեց ամսական երեխաների միայն 48 տոկոսն է բացառապես կրծքով կերակրվում: Այս ցուցանիշը զգալիորեն ցածր է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի՝ 2030 թվականին 60 տոկոս ցուցանիշի հասնելու նպատակից: Սա պայմանավորված է նորաթուխ մայրերի, առողջապահության ոլորտի աշխատակիցների և առողջապահական համակարգերի համար համընկնող խնդիրներով:
Աշխարհում միլիոնավոր մայրեր առողջապահական հաստատություններում ժամանակին չեն ստանում որակյալ աջակցություն, երբ դրա կարիքն ամենաշատն ունեն:
Երկրների միայն մեկ հինգերորդ մասն է նորածինների և փոքր երեխաների սնուցման թեմայով վերապատրաստումներ տրամադրում նորաթուխ մայրերի հետ աշխատող բժիշկներին և բուժքույրերին: Սա նշանակում է, որ աշխարհի մայրերի մեծամասնությունը ծննդատնից դուրս է գալիս՝ առանց համապատասխան գիտելիքի այն մասին, թե ինչպես պետք է կրծքով կերակրել փոքրիկին և երբ սկսել հավելյալ սնուցումը:
Երկրների միայն մեկ հինգերորդ մասն է նորածինների և փոքր երեխաների սնուցման թեմայով վերապատրաստումներ տրամադրում նորաթուխ մայրերի հետ աշխատող բժիշկներին և բուժքույրերին: Սա նշանակում է, որ աշխարհի մայրերի մեծամասնությունը ծննդատնից դուրս է գալիս՝ առանց համապատասխան գիտելիքի այն մասին, թե ինչպես պետք է կրծքով կերակրել փոքրիկին և երբ սկսել հավելյալ սնուցումը:
Ներդրումները հօգուտ կրծքով կերակրման աջակցության շարունակում են լինել չափազանց ցածր, չնայած այն բանին, որ ներդրված յուրաքանչյուր դոլարը բերում է 35 ԱՄՆ դոլար տնտեսական եկամուտ: Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթվա կապակցությամբ, «Առաջնահերթություն տվեք կրծքով կերակրմանը. ստեղծեք կայուն աջակցության համակարգեր» խորագրի ներքո, ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ են անում կառավարություններին, առողջապահության ոլորտի կառավարման ղեկավարներին և գործընկերներին՝ ներդրումներ կատարել հօգուտ կրծքով կերակրման բարձրօրակ աջակցության, այն է՝
• Ապահովել համապատասխան ներդրումներ հօգուտ որակյալ մայրական և նորածնային խնամքի, կրծքով կերակրման աջակցության ծառայությունների:
• Ավելացնել կրծքով կերակրման ծրագրերի համար նախատեսված ազգային բյուջետային հատկացումները:
• Ինտեգրել կրծքով կերակրման խորհրդատվությունն ու աջակցությունը մայրական և մանկական առողջապահության պլանային ծառայությունների մեջ, ներառյալ մինչծննդյան, ծննդաբերական և հետծննդաբերական խնամքը:
• Ապահովել, որ առողջապահական ծառայություններ մատուցողներն ունենան կրծքով կերակրման աջակցության համար անհրաժեշտ հմտություններն ու գիտելիքները, ներառյալ արտակարգ իրավիճակներում:
• Ամրապնդել համայնքային առողջապահական համակարգերը՝ յուրաքանչյուր նորաթուխ մայրիկին ապահովելու կրծքով կերակրման շարունակական, մատչելի աջակցություն մինչև երկու տարի և ավելի:
• Պաշտպանել կրծքով կերակրումը՝ ապահովելով, որ կրծքի կաթի փոխարինիչների շուկայավարման միջազգային կանոնակարգը կիրառվի բոլոր առողջապահական հաստատություններում և համակարգերում:
Կրծքով կերակրումը խթանելու համար առողջապահական համակարգերի հզորացումը միայն առողջապահության ոլորտի հրամայական չէ, այն նաև բարոյական և տնտեսական պարտավորություն է։ ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը վճռական են աջակցելու երկրներին՝ կառուցելու կայուն առողջապահական համակարգեր, որոնք անտեսված չեն թողնի որևէ մոր կամ մանկան: