Հայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը խաղողի տնկարանների և խաղողի այգիների թվային տվյալների համակարգերի ոլորտում
01 օգոստոսի 2025
Խաղողագործության հազարամյակների ժառանգություն կրող Հայաստանն ու Վրաստանը համարվում են գինեգործությամբ զբաղվող աշխարհի ամենահին երկրներից։ Նրանց հնագույն ավանդույթները՝ համադրված ժամանակակից խաղողագործության մեթոդների հետ, ստեղծում են պատմության և նորարարության եզակի միաձուլում, որը շարունակում է ձևավորել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային գինեգործական լանդշաֆտները։
Գյուղատնտեսական և մշակութային այս հարուստ ժառանգությունը պահպանելու կարևորությունը գիտակցելով՝ Միավորված Ազգերի Կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) շարունակաբար աջակցում է Հայաստանում և Վրաստանում կայուն խաղողագործության զարգացմանը։ Այս հանձնառության շրջանակում ՊԳԿ Հայաստանի և Վրաստանի գրասենյակները համատեղ նախաձեռնեցին ուսումնահետազոտական այց՝ ուղղված Հայաստանի գինեգործության ոլորտի զարգացմանն աջակցող հիմնական շահառուների կարողությունների զարգացմանը։
«Թվային տեխնոլոգիաները գյուղատնտեսության արժեքային շղթաների և գյուղական զարգացման աջակցության համար» նախագծի շրջանակներում կազմակերպված այս ուսումնահետազոտական այցը կենտրոնացած էր Հայաստանի համար երկու հիմնական առաջնահերթությունների վրա՝ հավաստագրված խաղողի տնկարանների ստեղծում և խաղողի այգիների գրանցամատյանի համակարգի (VRS) արդյունավետ ներդրում, որն իրենից ներկայացնում է խաղողի այգիների վերահսկողության, հավաստագրման և պլանավորման բարելավման համար նախատեսված ազգային թվային հարթակ։
Այս նախաձեռնությունը սկիզբ էր առել ՊԳԿ Գլխավոր տնօրեն Չու Դունգյույի 2024 թվականի Հայաստան կատարած այցից հետո, որի ընթացքում նա կարևորել էր տարածաշրջանային փորձի փոխանակման և գիտական համագործակցության անհրաժեշտությունը նմանատիպ գյուղատնտեսական ռեսուրսներ ունեցող երկրների միջև։
Այցի կազմակերպումը բխում էր ՊԳԿ-ի կողմից տարիներ շարունակ Հայաստանի խաղողագործության ոլորտում կատարված աշխատանքների տրամաբանությունից։ 2017 թվականին ՊԳԿ-ի աջակցությամբ Արմավիրի մարզում հիմնադրվել է ցուցադրական խաղողի այգի, որը հետագայում փոխանցվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամին։ Այսօր այդ տարածքը շարունակում է ծառայել որպես ազգային ռեսուրս՝ հետազոտությունների, վերապատրաստման և կայուն խաղողագործական պրակտիկաների խթանման նպատակով։
Ներկայումս ՊԳԿ-ն շարունակում է աջակցել հիմնադրամի ռազմավարական առաջնահերթություններից մեկին, միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի մշակման գործում, գինու արտադրության ողջ գործընթացում լիարժեք հետևողականություն և որակի վերահսկողություն ապահովելու համար: Այս նորարարական համակարգը հնարավորություն կտա ճշգրիտ վերահսկել խաղողի այգիների տվյալները, բերքատվության ծավալները և տեսակների ծագումնաբանությունը՝ ապահովելով թափանցիկություն և ոլորտային ստանդարտների բարձրացում։
ՊԳԿ -ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ծրագրի ղեկավար և Հայաստանում ու Վրաստանում ՊԳԿ-ի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն գիտելիքների և տեղեկատվության փոխանակման այս հնարավորությունը համարել է արժեքավոր հարթակ՝ երկու երկրներում տարածաշրջանային համագործակցությունը խթանելու, կարողություններն ընդլայնելու և կայուն գյուղատնտեսական զարգացում ապահովելու համար: «Այս ուսումնահետազոտական այցն ընդգծում է, թե որքան մեծ է տարածաշրջանային համագործակցության դերը գյուղատնտեսական նորարարությունների խթանման գործում։ Գիտելիքների և գործնական լուծումների փոխանակմամբ՝ Հայաստանն ու Վրաստանը ամուր հիմք են դնում առավել դիմացկուն, ժամանակակից և համապարփակ գյուղատնտեսական համակարգերի համար, որոնք կարող են շահույթ բերել գյուղական համայնքներին և ապագայում ամրապնդել նրանց դիրքը գինեգործության ոլորտում», - ասել է Յելեն:
Թբիլիսիում և խաղողագործության կենտրոն համարվող Կախեթիի շրջանում կազմակերպված ուսումնահետազոտական այցին հայկական պատվիրակությունը մասնակցում էր ոլորտի մասնագետների և պետական պաշտոնյաների բազմաբնույթ կազմով: Մասնակիցների թվում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության բուսաբուծության և ագրովերամշակման վարչությունների ներկայացուցիչներ, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ավագ մասնագետներ, ինչպես նաև ՊԳԿ-ի ավագ տնտեսագետը:
Երկու օրվա ընթացքում պատվիրակությունը մասնակցել է նպատակային հանդիպումների և դաշտային այցերի՝ Վրաստանի առաջատար պետական և մասնավոր հաստատություններում։
Ծրագիրն ընդգրկում էր հաջողված փորձի հանգամանալից ուսումնասիրություն՝ խաղողի հավաստագրված տնկարանների ստեղծման արդյունավետ մոդելների, խաղողի այգիների թվային գրանցամատյանի առաջադեմ կառավարման համակարգի և կլիմայական պայմանների նկատմամբ դիմացկուն խաղողի մշակման նորարարական մեթոդների վերաբերյալ՝ ընդգծելով գործնական լուծումներ, որոնք կարող են աջակցել Հայաստանի խաղողագործության ոլորտում ընթացող բարեփոխումներին:
Ուղեկցվող այցը դեպի գինու գործարան հնարավորություն տվեց մանրամասնորեն ծանոթանալ արտադրական մեթոդներին և վրացական գինեգործության հաջողության հիմքում ընկած փիլիսոփայությանը։
Նույնքան արժեքավոր էր տվյալների հավաքագրման և թվային մոնիթորինգի համակարգերի վերաբերյալ փորձի փոխանակման հնարավորությունը: Վրաստանի գինու ազգային գործակալությունում մասնակիցները ծանոթացան հավաստագրման ընթացակարգերին, գիտելիքներ ձեռք բերեցին տնկանյութերի որակի խիստ վերահսկման համար կիրառվող մեխանիզմների վերաբերյալ։
Խաղողի այգիների թվային գրանցամատյանի համակարգի մանրամասն ցուցադրությունը ներկայացրեց, թե ինչպես են խաղողի այգիների իրական ժամանակում քարտեզագրումը և տվյալների համակարգված կառավարումը անխափան կերպով ինտեգրվում ազգային հավաստագրման և հսկողության գործընթացներում:
Այցի ավարտին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նշել է․ «Հայաստանում խաղողագործության և գինեգործության ոլորտների թվայնացման նախաշեմին հետաքրքիր էր ծանոթանալ Վրաստանի՝ թվային գործիքների և հավաստագրված տնկարանների աշխատանքի փորձին։ Այն ցույց է տալիս, որ համակարգային մոտեցումը կարող է ապահովել որակի վերահսկողություն՝ սկսած խաղողի այգիներից մինչև գինու շուկա։ Բացի այդ, Վրաստան կատարած այցը հնարավորություն տվեց նաև ուսումնասիրել պետական և մասնավոր հատվածների արդյունավետ համագործակցության փորձը»։
Տարածաշրջանային այս փորձի փոխանակումը կարևոր քայլ է Հայաստանի խաղողագործության արժեքային շղթայի արդիականացման ուղղությամբ։ ՊԳԿ-ի շարունակական աջակցության և Վրաստանի փորձից ստացված գիտելիքներով Հայաստանը առաջ է շարժվում դեպի առավել դիմացկուն, մրցունակ և նորարարական խաղողագործության ոլորտ՝ հիմնված հավաստագրված տնկանյութերի և խելացի թվային լուծումների վրա։