Մամուլի հաղորդագրություն

Թվային նորարարությունները և արհեստական բանականությունը՝ Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի ապագան

25 հուլիսի 2025

Ամբողջ աշխարհում թվային նորարարությունները վերափոխում են գյուղատնտեսության բնագավառը՝ հզորացնելով գյուղատնտեսությունը, փոխակերպելով արժեքային շղթաները և վերաիմաստավորելով սննդի արտադրության, բաշխման և սպառման գործընթացները: Կլիմայական ցնցումներով, բնական ռեսուրսների սակավությամբ և ժողովրդագրական փոփոխություններով պայմանավորված ժամանակաշրջանում արհեստական բանականությունը, ճշգրիտ գյուղատնտեսությունը և մեծածավալ տվյալներն այլևս ճոխություն չեն, դրանք կայունության, արտադրողականության և դիմադրողականության ապահովման համար կարևոր գործոններ են։

 

Նկարագրություն՝ Հայաստանում ՊԳԿ ծրագրերի համակարգող Բոտագոզ Նարտաևա
Լուսանկարը՝ © FAO

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) առաջ է մղում գյուղատնտեսության թվային փոխակերպումը տարբեր ծրագրերի միջոցով՝ նպաստելով նորարարությունների զարգացմանը ոլորտում։ Այդ ջանքերի շրջանակում ՊԳԿ-ն աջակցում է AgriTech գագաթնաժողովի անցկացմանը, որը տեղի է ունենում 2025 թվականի հուլիսի 23-ից 25-ը Սևանի ստարտափ գագաթնաժողովի շրջանակում։  Այս մասնագիտացված հարթակը դինամիկ միջավայր է տրամադրում երկխոսության, գիտելիքների փոխանակման և գործընկերությունների ձևավորման համար։ 2025 թվականի գագաթնաժողովը միավորել է գյուղատնտեսներին, տեխնոլոգիական ստարտափներին, պետական պաշտոնյաներին, գիտական շրջանակների ներկայացուցիչներին և զարգացման գործընկերներին՝ քննարկելու, թե ինչպես կարող են նորահայտ տեխնոլոգիաները, մասնավորապես՝ արհեստական բանականությունն ու թվային գործիքները, նպաստել Հայաստանի կայուն, արդյունավետ և կլիմայական փոփոխություններին դիմակայուն գյուղատնտեսական պարենային համակարգերի զարգացմանը։

Գագաթնաժողովի բացման խոսքում Հայաստանում ՊԳԿ ծրագրերի համակարգող Բոտագոզ Նարտաևան ընդգծեց թվայնացման վերափոխող ներուժը՝ գյուղական բնակավայրերի զարգացման խթանման և նոր տնտեսական հնարավորությունների ստեղծման գործում, այդ թվում՝ երիտասարդների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց համար։  Նա նաև կարևորեց ՊԳԿ-ի և Հայաստանի կառավարության, մասնավորապես՝ Էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցությունը՝ գյուղատնտեսության առանցքային ճյուղերի թվային փոխակերպման աջակցման ուղղությամբ։

«Թվային հմտությունների և ներառական թվային գյուղատնտեսության մեջ ներդրումներ կատարելով՝ մենք կարող ենք ստեղծել նոր տնտեսական հնարավորություններ և կառուցել ավելի դիմացկուն և մրցունակ գյուղատնտեսական համակարգ Հայաստանի համար», - նշեց Նարտաևան։

Էապես կարևոր է, որ տեխնոլոգիաները համապատասխանեցվեն տեղական առանձնահատկություններին, լինեն մարդակենտրոն և ընդգրկված լինեն ներառական ռազմավարություններում՝ գյուղատնտեսական պարենային համակարգերի փոխակերպման առավելագույն օգուտներն ապահովելու համար։  Այս մասին վերահաստատեց ՊԳԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի թվային գյուղատնտեսության բաժնի ղեկավար Դանիելա Դի Ջիանանտոնիոն՝ հանդես գալով «Ապագայի սնուցումը AgriTech-ի միջոցով՝ կայուն գյուղատնտեսական պարենային համակարգերի ձևավորման համար» խորագրով փորձագիտական բանախոսությամբ հուլիսի 24-ին կայացած նիստի շրջանակում։

Նկարագրություն՝ ՊԳԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի թվային գյուղատնտեսության բաժնի ղեկավար Դանիելա Դի Ջիանանտոնիո
Լուսանկարը՝ © FAO

Նույն թեման շարունակելով՝ ՊԳԿ թվային գյուղատնտեսության մասնագետ Դիանա Գուրզադյանը ներկայացրեց «Գյուղատնտեսության համար պատրաստ աշխատուժի ձևավորումը արհեստական բանականության միջոցով» թեմայով զեկույցը՝ կարևորելով գյուղատնտեսներին, ուսանողներին և ոլորտի մասնագետներին անհրաժեշտ հմտություններով և գիտելիքներով զինելու անհրաժեշտությունը՝ թվային գործիքների արդյունավետ կիրառումն ապահովելու համար։ Նա ընդգծեց․ «Անհրաժեշտ է երկարաժամկետ ներդրումներ կատարել թվային գրագիտության և մասնագիտական վերապատրաստման ոլորտում՝ վստահ լինելու համար, որ ոչ ոք հետ չի մնա այս փոխակերպումից»։

ՊԳԿ «Գյուղատնտեսության թվային փոխակերպումը գյուղական կայուն զարգացման համար» ամփոփիչ զեկույցում ընդգծվում է, որ թվային տեխնոլոգիաների ինտեգրումը գյուղատնտեսության ոլորտում կարող է ոչ միայն բարձրացնել արտադրողականությունը, այլև ամրապնդել գյուղական բնակչության կենսամիջոցները, նպաստել կլիմայի փոփոխությանը հարմարվելու կարողություններին և նոր հնարավորություններ ստեղծել երիտասարդների և կանանց համար։ Զեկույցում նշվում է, որ այն երկրները, որոնք ներդրումներ են կատարում թվային գյուղատնտեսության մեջ, առավել պատրաստված են պարենային անվտանգությունը ապահովելու և կայուն զարգացման նպատակներին հասնելու համար։

AgriTech գագաթնաժողովն ամփոփվեց հուլիսի 25-ին անցկացված «Գյուղատնտեսների նիստով», որը նախատեսված էր տեղական գյուղատնտեսներին միավորելու, ՊԳԿ փորձագետների, տեխնոլոգիական նորարարների և քաղաքականության մշակողների հետ անմիջականորեն շփվելու հնարավորություն տալու համար։ Այս նիստը կամուրջ հանդիսացավ բարձր մակարդակի քննարկումների և ոլորտի գործնական իրողությունների միջև՝ ստեղծելով հարթակ, որտեղ գյուղատնտեսները կարողացան կիսվել իրենց փորձով, ներկայացնել իրենց կարիքները և տեղեկանալ, թե ինչպես կարող են թվային լուծումները հարմարեցնել Հայաստանի գյուղատնտեսության բազմազան պահանջներին։ ՊԳԿ-ի համար այս հանդիպումը արժեքավոր հիմք ստեղծեց ապագա ծրագրերը ձևավորելիս տեղաբնակների կարծիքները հաշվի առնելու համար և ապահովելու, որ գյուղատնտեսության թվային փոխակերպումը լինի ներառական և տեղային իրողություններին համահունչ։ 

Anna Poghosyan

Աննա Պողոսյան

ՊԳԿ
Հաղորդակցության մասնագետ

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՊԳԿ
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ