ԱՀԿ-ի նոր նախաձեռնության նպատակն է բարձրացնել առողջապահությանն ուղղված հարկերը և փրկել միլիոնավոր կյանքեր
02 հուլիսի 2025
«3-ը մինչև 35-ը» նախաձեռնության նպատակն է վերանայել ծխախոտի, ալկոհոլի և շաքար պարունակող ըմպելիքների համար սահմանված հարկերը, ինչը թույլ կտա նվազեցնել մահացությունը և միջոցներ հայթհայթել առողջապահության ու զարգացման համար
2 հուլիսի, 2025թ., Ժնև
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այսօր մեկնարկել է նոր ծավալուն նախաձեռնություն՝ կոչ անելով երկրներին մինչև 2035 թվականն առնվազն 50%-ով բարձրացնել ծխախոտի, ալկոհոլի և շաքար պարունակող ըմպելիքների գները, ինչը հնարավորություն կտա պայքարել քրոնիկ հիվանդությունների դեմ և ձևավորել անհրաժեշտ պետական եկամուտներ: «3-ը մինչև 35-ը» նախաձեռնությունն արձագանք է առողջապահական համակարգերում առաջացած ռեսուրսների սուր պակասին, որը պայմանավորված է ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) աճով, բուժօգնության անկմամբ և պետական պարտքի աճով:
ՈՎՀ համաճարակում իր առյուծի բաժինն ունի ծխախոտի, ալկոհոլի և քաղցր ըմպելիքների ակտիվ սպառումը։ ՈՎՀ-ին, այդ թվում սրտանոթային հիվանդություններին, քաղցկեղին և շաքարային դիաբետին բաժին է ընկնում աշխարհում մահացությունների ավելի քան 75%-ը։ Համաձայն վերջերս հրապարակված զեկույցի, առաջիկա 50 տարիների ընթացքում այս ապրանքների գնի 50%-ով միանվագ բարձրացումը կարող է կանխել 50 միլիոն մարդու վաղաժամ մահ։
«Առողջապահական հարկերը եղած ամենաարդյունավետ գործիքներից են», - ասել է ԱՀԿ-ի առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման և վերահսկման հարցերով գլխավոր տնօրենի օգնական դոկտոր Ջերեմի Ֆարարը։ «Դրանք կրճատում են վնասակար արտադրանքի սպառումը և ստեղծում եկամուտ, որը կառավարությունները կարող են վերաուղղել առողջապահության, կրթության և սոցիալական պաշտպանության ոլորտներին։ Ժամանակն է գործել»։
Նախաձեռնությունն ունի հավակնոտ, սակայն միանգամայն իրագործելի նպատակ՝ առաջիկա տասնամյակում հավաքագրել 1 տրիլիոն ԱՄՆ դոլարի հարկեր: 2012-2022 թվականների ընթացքում գրեթե 140 երկիր բարձրացրել է ծխախոտի հարկերը՝ հանգեցնելով իրական գների միջինում ավելի քան 50%-ով աճի, ինչը փաստում է, որ լայնածավալ փոփոխությունները հնարավոր են:
Կոլումբիայից մինչև Հարավային Աֆրիկա, առողջապահական հարկեր ներդրած պետություններն արձանագրում են վերոնշյալ անառողջ ապրանքատեսակների սպառման նվազում և եկամուտների աճ։ Այդուհանդերձ, շատ երկրներ շարունակում են հարկային խթաններ տրամադրել անառողջ արտադրանքի, այդ թվում՝ ծխախոտային արտադրանք արտադրողներին: Բացի այդ, ծխախոտային արդյունաբերության հետ երկարաժամկետ ներդրումային համաձայնագրերը, որոնք կանխում են ծխախոտի հարկերի բարձրացումը, կարող են խոչընդոտել տվյալ երկրի հանրային առողջապահության նպատակների իրագործմանը: ԱՀԿ-ն հորդորում է պետություններին վերանայել այս գործելակարգը և խուսափել նման արտոնյալ ռեժիմներից՝ ծխախոտային արտադրանքի արդյունավետ վերահսկողություն իրականացնելու և հանրային առողջությունը պաշտպանելու նպատակով։
«3-ը մինչև 35-ը» նախաձեռնության հաջողության հիմքում ընկած է սերտ համագործակցությունը: Այն միավորում է տարբեր ազդեցիկ միջազգային գործընկերների՝ ԱՀԿ-ի առաջնորդությամբ, որոնք պատրաստակամ են աջակցելու երկրներին վնասակար ապրանքների վրա հարկեր սահմանելու հարցում: Գործընկեր կազմակերպությունները կարող են երկրներին առաջարկել մասնագիտական գիտելիքի, քաղաքականության վերաբերյալ խորհրդատվության և գործնական փորձի համադրություն: Համատեղ ջանքերով՝ նրանք նպատակ ունեն բարձրացնել հանրության իրազեկվածությունը վնասակար ապրանքների վրա հարկեր սահմանելու առավելությունների մասին և աջակցել հարկային միջոցառումների իրականացմանը ազգային մակարդակում:
Բազմաթիվ երկրներ հետաքրքրություն են ցուցաբերել ավելի ինքնաբավ, ներքին ռեսուրսներով ֆինանսավորվող առողջապահական համակարգեր ստեղծելու հարցում և այդ մասին խորհրդակցում են ԱՀԿ-ի հետ։
«3-ը մինչև 35-ը» նախաձեռնությունը սահմանում է երկրներին օգնելու հիմնական գործողությունների ոլորտները՝ համատեղելով ապացուցված առողջապահական քաղաքականությունը և վերջինիս իրականացման առաջավոր փորձը։ Դրանք ներառում են ուղղակի աջակցություն երկրում իրականացվող բարեփոխումներին՝ հաշվի առնելով հետևյալ նպատակները.
- Վնասակար ապրանքների սպառման կրճատում՝ վերջիններիս մատչելիության նվազեցման հաշվին
- Բյուջեի մուտքերի ավելացում՝ առողջապահության ֆինանսավորման և զարգացման նպատակով
- Լայն քաղաքական աջակցության ձևավորում պետական կառույցների, քաղաքացիական հասարակության և գիտական շրջանակների միջև
Ծխախոտային արտադրանքի, ալկոհոլի և շաքար պարունակող ըմպելիքների ակցիզային հարկերի ներդնում կամ դրանց բարձրացում՝ այդ ապրանքատեսակների գները բարձրացնելու և դրանց սպառումը նվազեցնելու նպատակով, ինչը թույլ կտա կրճատել ապագա առողջապահական ծախսերը և կանխել վաղաժամ մահերը։
Լրացուցիչ ներքին հանրային ռեսուրսների ներգրավում, որը թույլ կտա պետությանը ֆինանսավորել առողջապահական և զարգացման հիմնական ծրագրերը, ներառյալ համընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովումը։
Ամրապնդել միջոլորտային միությունները՝ ներգրավելով ֆինանսների և առողջապահության նախարարությունները, օրենսդիր մարմինները, քաղաքացիական հասարակությունը և գիտական համայնքը՝ արդյունավետ քաղաքականություններ մշակելու և իրականացնելու նպատակով։
ԱՀԿ-ն կոչ է անում երկրներին, քաղաքացիական հասարակությանը և զարգացման ոլորտի գործընկերներին աջակցել «3-ը մինչև 35-ը» նախաձեռնությանը և որդեգրել ավելի օպտիմալ և արդարացի հարկման քաղաքականություն, որը կպաշտպանի մարդկանց առողջությունը և կխթանի «Կայուն զարգացման նպատակների» իրագործումը։
ԶԼՄ հարցումների համար դիմել՝
Հռիփսիմե Օհանյանին ohanyanh@who.int
ԱՀԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության և գործակցության պատասխանատու