Մամուլի հաղորդագրություն

Առողջության համաշխարհային օրվա շրջանակում ՀՀ Առողջապահության նախարարությունը, Միավորված ազգերի կազմակերպությունն (ՄԱԿ) ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ են անում միավորել ջանքերը առողջ մոլորակ ունենալու համար՝ ավելի առողջ վաղվա

07 ապրիլի 2022

Այս տարվա թեման՝ «Մեր մոլորակը, մեր առողջությունը» ընդգծում է մեր մոլորակի և մարդկանց, կենդանիների ու բույսերի առողջության միջև փոխկապակցվածությունը:

“Our Planet, Our Health”
Նկարագրություն՝ «Մեր մոլորակը, մեր առողջությունը»
Լուսանկարը՝ © WHO

ԱՀԿ-ի գնահատմամբ, յուրաքանչյուր տարի ավելի քան 13 միլիոն մահ ողջ աշխարհում, այդ թվում՝ 1,4 միլիոնը՝ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում, առաջանում է շրջակա միջավայրի այնպիսի գործոնների հետևանքով, որոնք հնարավոր է կանխարգելել: Այս տարվա թեման՝ «Մեր մոլորակը, մեր առողջությունը» ընդգծում է մեր մոլորակի և մարդկանց, կենդանիների ու բույսերի առողջության միջև փոխկապակցվածությունը:

Միայն օդի աղտոտվածության պատճառով ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում ամեն րոպե մեկ մարդ է մահանում։ Մարդկային ազդեցության հետևանքով կլիմայի փոփոխության աննախադեպ արագության և մարդու առողջության վրա կործանարար ազդեցության պայմաններում հաճախ ամենաշատը տուժում են ամենախոցելիները:

Վտանգավոր թափոնները, աղտոտված ջուրը, անբավարար սանիտարական պայմանները, ծխախոտը և արդյունաբերության վատ կառավարումը այն խնդիրներից մի քանիսն են միայն, որոնք սպառնալիք են ոչ միայն մարդկանց առողջության, այլև մեր օդի, ջրի և շրջակա էկոհամակարգերի համար: Մարդկանց, կենդանիներին և բույսերին տրվող հակաբիոտիկները և այլ հակամանրէային դեղերը մնում են շրջակա միջավայրում և մեր խմելու ջրում ՝ ստեղծելով հակամանրէային դեղերի նկատմամբ դիմակայուն սուպերբակտերիաներ և դեղամիջոցների նկատմամբ դիմակայուն այլ օրգանիզմներ:

 «Մեկ առողջություն» մոտեցումը՝ մարդկանց, կենդանիների և շրջակա միջավայրի առողջության փոխկապակցվածության գիտակցումը, ինչպես նաև  կառավարություններին հասանելի կայուն լուծումները կարող են օգնել էապես մեղմել կլիմայի փոփոխության վատթարագույն հետևանքները և մեր առողջությանը սպառնացող վտանգները: Վերաիմաստավորելով, թե ինչպես են քաղաքները և քաղաքային տարածքները գործելու ապագայում, կարելի է նպաստել օդի որակի բարելավմանը, ինչը կարևոր է հետհամաճարակային վերականգնման քաղաքականության շրջանակում:

«Մեկ առողջություն» մոտեցումն այսօր առավել քան երբևէ արդիական է` հաշվի առնելով օրեցօր մոլորակին սպառնացող համաճարակներն ու տարաբնույթ հիվանդությունները: Վերջին տարիներին կյանքը ցույց է տվել, որ առողջապահական համակարգերը պետք է լինեն առավել ուժեղ, առավել հզոր ու մարտունակ` դիմակայելու երկրագնդի գլոբալ փոփոխություններով պայմանավորված  մարտահրավերներին: Այս համընդհանուր ու համամարդկային խնդիրների լուծման գործում առողջապահության նախարարությունը համահունչ է գործընկերային քաղաքականությանը, որը միտված է  «Պաշտպանելով մոլորակը՝ պաշտպանենք մեր առողջությունը» շղթայի ապահովմանը: Սա առիթ է ևս մեկ անգամ անդրադառնալու և գնահատելու մեր բժիշկներին ու բուժքույրերին, որոնք ամեն օր պայքարում են մեր բնակչության առողջության պահպանման համար` հաճախ իրենց սեփական առողջության հաշվին»,- նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ինչպես և անցած երեսուն տարիներին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը իր գործընկերների հետ միասին շարունակում է աջակցել Հայաստանին՝ ավելի կայուն և առողջ միջավայր ունենալու, առողջապահական խնդիրների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման և մարդկանց, հատկապես բնակչության առավել խոցելի և անտեսված խմբերի համար, որակյալ բժշկական ծառայություններ մատուցելու հարցում: Մարդկանց և մոլորակի առողջությունը պահպանելու համար մեր հավաքական պարտականությունն է հրատապ քայլեր ձեռնարկել՝ ձևավորելով հասարակություններ, որոնք առաջնահերթություն են տալիս բոլոր քաղաքացիների ներառական և հավասար բարեկեցությանը»,— նշել է Լիլա Փիթրս Յահիան՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարը։

«Առողջ միջավայրը Հայաստանում և ցանկացած այլ երկրում կայունության և զարգացման հիմքն է։ Այս տարվա Առողջության համաշխարհային օրվա թեման հիշեցում է, որ շրջակա միջավայրի և առողջապահական խնդիրները պահանջում են արդյունավետ արձագանք՝ ողջ կառավարության և ողջ հասարակության կողմից», - նշում է Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ դոկտոր Ժիհան Թաուիլան:

Առողջապահության նախարարությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակը կնշեն Առողջության համաշխարհային օրը մեկամսյա արշավով, որը կներառի ինչպես առցանց, այնպես էլ անցանց միջոցառումներ՝ լուսանկարչական մրցույթ, ցուցահանդես և սոցիալական մեդիայի միջոցով իրականացվող միջոցառումներ։ Համատեղ արշավը կոչ է անում բոլոր քաղաքացիներին դառնալ լուծման մի մաս՝ միանալով հանուն մեր մոլորակի, հանուն մեր առողջության:  

Արշավի մասին տեղեկությունների համար, անցնել հետևյալ հղմամբ

WHO Risk Communication and Community Engagement Consultant

Հռիփսիմե Օհանյան

ԱՀԿ
Ռիսկերի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ