Մամուլի հաղորդագրություն

Միջսերնդային հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ ի տարբերություն ավագ սերնդի՝ երիտասարդները 50%-ով ավելի շատ են հակված հավատալու, որ աշխարհը ավելի լավն է դառնում, բայց նաև մտահոգ են ճգնաժամերի դեմ ձեռնարկվող գործողությունների առնչությամբ

18 նոյեմբերի 2021

  • ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում երիտասարդ սերունդը ավելի հակված է վստահելու գիտնականներին և կարևորելու միջազգային համագործակցությունը․ ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Gallup-ի միջազգային հետազոտությունում, որն անցկացվել է ավելի քան 21000 երեխաների և մեծահասակների շրջանում և հրապարակվել Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ։

Երեխաների համաշխարհային օրվան ընդառաջ հրապարակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Gallup-ի նոր միջազգային հետազոտությունը, համաձայն որի՝ երեխաները և երիտասարդները, ի տարբերություն ավելի տարեցների, 50%-ով ավելի շատ են հակված հավատալու, որ աշխարհը յուրաքանչյուր սերնդի հետ դառնում է ավելի լավը։

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ երիտասարդները նաև ավելի հակված են հավատալու, որ մանկությունը բարելավվել է, ընդ որում՝ ճնշող մեծամասնությունը կարծում է, որ այսօրվա երեխաների առողջապահությունը, կրթությունը և ֆիզիկական անվտանգությունն ավելի լավ վիճակում են, քան նրանց ծնողների սերնդի ժամանակ: Երիտասարդները մտահոգություն են հայտնում կլիմայի փոփոխության դեմ ձեռնարկվող գործողությունների առնչությամբ, թերահավատ են սոցիալական ցանցերում տեղեկատվության նկատմամբ և պայքարում են ընկճախտի և տագնապայնության դեմ: Շատ ավելի հակված են իրենց զգալու գլոբալ քաղաքացիներ, քան տարեց մարդիկ, և կարևորելու միջազգային համագործակցությունը՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի նման սպառնալիքներին դիմակայելու համար:

«Այսօր աշխարհում հոռետեսության համար պատճառները քիչ չեն՝ կլիմայի փոփոխություն, համավարակ, աղքատություն և անհավասարություն, աճող անվստահության զգացում և ազգայնականություն: Բայց ահա լավատեսության պատճառ. երեխաներն ու երիտասարդները հրաժարվում են նայել աշխարհին մեծահասակների սև ակնոցներով»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Եթե համեմատենք ավագ սերունդների հետ, աշխարհի երիտասարդները հույսով լեցուն են, շատ ավելի գլոբալ են մտածում և լի են աշխարհն ավելի լավը դարձնելու վճռականությամբ: Այսօրվա երիտասարդները մտահոգվում են ապագայի համար, բայց իրենք իրենց տեսնում են որպես լուծման մի մաս»:

Հարցումը, որը կոչվում է «Փոփոխվող մանկություն» նախագիծ, իր տեսակի մեջ առաջինն է, որում տարբեր սերունդների ներկայացուցիչներ արտահայտել են իրենց տեսակետներն աշխարհի մասին, և թե ինչ է նշանակում մեր օրերում երեխա լինել: Հարցում է անցկացվել տարիքային երկու խմբերում (15-24 տարեկան և 40 տարեկան և բարձր) ավելի քան 21000 մարդկանց շրջանում 21 երկրներում: Ազգային մակարդակով ներկայացուցչական հարցումներն իրականացվել են աշխարհի բոլոր տարածաշրջանների երկրներում՝ Աֆրիկայում, Ասիայում, Եվրոպայում և Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներում և եկամուտների բոլոր մակարդակներում:

Համավարակի ընթացքում անցկացված հարցումը նաև պարզում է, որ երեխաներն ու երիտասարդները հիմնականում ավելի շատ են վստահում կառավարություններին, գիտնականներին և միջազգային լրատվամիջոցներին՝ որպես ճշգրիտ տեղեկատվության աղբյուրների: Եվ այնուամենայնիվ, հարցման արդյունքները ցույց են տալիս, որ երիտասարդներն այսօր տեղյակ են աշխարհի առջև ծառացած խնդիրներին.

  • Երիտասարդների մեծամասնությունը համացանցում երեխաների համար լուրջ վտանգներ է տեսնում, օրինակ՝ բռնության կամ սեռական բռնության (78 տոկոս) կամ սարսափի (79 տոկոս) տեսարաններ պարունակող նյութերի դիտումը:
  • Երիտասարդների ընդամենը 17 տոկոսն է նշում, որ «շատ է վստահում» սոցիալական մեդիա հարթակներին ճշգրիտ տեղեկություն տրամադրելու հարցում:
  • Մինչ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների երիտասարդների 64 տոկոսը կարծում է, որ իրենց երկրում երեխաները տնտեսապես ավելի լավ վիճակում կլինեն, քան իրենց ծնողները, բարձր եկամուտ ունեցող երկրների երիտասարդները քիչ են հավատում տնտեսական առաջընթացին: Այնտեղ հարցված երիտասարդների մեկ երրորդից պակասն է ասում միայն, որ այսօր երեխաները կմեծանան այնպես, որ տնտեսապես ավելի լավ վիճակում լինեն, քան իրենց ծնողները:
  • Երիտասարդների ավելի քան մեկ երրորդը նշում է, որ հաճախ նյարդայնացած կամ անհանգիստ է, և գրեթե յուրաքանչյուր հինգերորդն ասում է, որ հաճախ դեպրեսիա է ունենում կամ քիչ է հետաքրքրված ինչ-որ բան անելով:
  • Միջինում երիտասարդների 59 տոկոսն ասում է, որ այսօր երեխաներն ավելի մեծ ճնշման են ենթարկվում, որպեսզի հաջողության հասնեն, քան իրենց ծնողները:

Հարցման արդյունքները նաև ցույց են տվել, որ երիտասարդները ցանկանում են տեսնել ավելի արագ առաջընթաց խտրականության դեմ պայքարում, ավելի շատ համագործակցություն երկրների միջև, և որ որոշում կայացնողները լսեն իրենց կարծիքը.

  • Միջինում, կլիմայի փոփոխության մասին տեղյակ երիտասարդների գրեթե երեք քառորդը կարծում է, որ կառավարությունները պետք է զգալի գործողություններ ձեռնարկեն այդ խնդրի լուծման համար: Այդ թիվը նույնիսկ ավելի բարձր է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում (82 տոկոս), որտեղ ակնկալվում են կլիմայի ամենամեծ փոփոխությունները:
  • Հետազոտված գրեթե բոլոր երկրներում երիտասարդների մեծամասնությունը հայտնում է, որ իրենց երկրներն ավելի ապահով կլինեն ՔՈՎԻԴ-19-ի նման սպառնալիքներից, եթե կառավարությունները ոչ թե ինքնուրույն պայքարեն, այլ համագործակցեն այլ երկրների հետ:
  • Միջին հաշվով 15-24 տարեկան երիտասարդների 58 տոկոսը կարծում է, որ քաղաքական առաջնորդների համար շատ կարևոր է լսել երեխաներին:

«Մենք չենք կարող իմանալ, թե ինչ են մտածում երիտասարդները, եթե չհարցնենք նրանց: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետազոտությունը շեշտադրում է եկող սերնդին լսելու և նրանց տեսակետները հասկանալու կարևորությունը»,- նշել է Gallup-ի գործընկեր Ջո Դեյլին: - «Այսօրվա երեխաները վաղվա առաջնորդներն են: Ավագ սերունդների համար կարևոր է անել իրենց բաժինը, որպեսզի մեր երեխաներն ավելի լավ աշխարհ ժառանգեն»:

Հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ երիտասարդները և ավագ սերունդը որոշ ոլորտների, հատկապես կլիմայի, կրթության կարևորության, գլոբալ համագործակցության և երեխաների ներգրավվածության հարցերի շուրջ համակարծիք են։ Ի հակադրություն դրա՝ լավատեսության, գլոբալ մտածողության և պատմական առաջընթացն ընդունելու հարցերում անջրպետն ավելի մեծ է նրանց միջև։

«Մինչ այս հետազոտությունը ներկայացնում է սերունդների բաժանման մանրակրկիտ պատկերը, ի հայտ է գալիս պարզ իրողություն. երեխաներն ու երիտասարդները 21-րդ դարի ոգին ավելի հեշտությամբ են մարմնավորում, քան նրանց ծնողները»,- ավելացրել է Ֆորը: «ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստվում է նշելու իր 75-ամյակը հաջորդ ամիս և Երեխաների համաշխարհային օրվան ընդառաջ, շատ կարևոր է, որ մենք լսենք հենց երիտասարդներին իրենց բարեկեցության և իրենց կյանքը փոխելու վերաբերյալ հարցերում»:

Երեխաների համաշխարհային օրը, որը նշվում է ամեն տարի նոյեմբերի 20-ին, նպատակ ունի բարձրացնելու իրազեկվածությունը միլիոնավոր երեխաների վերաբերյալ, որոնք զրկված են համապատասխան առողջապահական խնամքի, սնուցման, կրթության և պաշտպանության իրավունքից, և կարևորելու և վճռական դարձնելու երիտասարդների ձայնը իրենց ապագային վերաբերող ցանկացած քննարկումներում:

Միջսերնդային հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ ի տարբերություն ավագ սերնդի՝ երիտասարդները 50%-ով ավելի շատ են հակված հավատալու, որ աշխարհը ավելի լավն է դառնում, բայց նաև մտահոգ են ճգնաժամերի դեմ ձեռնարկվող գործողությունների առնչությամբ

Zara Sargsyan

Զառա Սարգսյան

ՅՈՒՆԻՍԵՖ
Հաղորդակցության բաժնի ղեկավար

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՅՈՒՆԻՍԵՖ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ