Մամուլի հաղորդագրություն

Ապաքաղաքացիության կրճատման մասին 1961 թ. կոնվենցիա. քաղաքացիության իրավունքի պաշտպանության և խթանման 60 տարի

31 օգոստոսի 2021

  • Քաղաքացիություն ունենալու իրավունքի ապահովումն ու ապաքաղաքացիության վերացումն իրագործելի են և առավել արդիական, քան երբևէ. ընդգծում է ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունն այսօր, երբ միջազգային հանրությունը նշում է 1961 թ. «Ապաքաղաքացիության կրճատման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 60-ամյակը։

«Նոր համաշխարհային մարտահրավերները՝ COVID-19-ը և կլիմայի փոփոխության հետևանքները, համալրելով մշտակա հիմնախնդիրների շարքը, ինչպիսին է ավելացող հարկադիր տեղահանությունը, ցույց են տալիս, թե որքան կարևոր է քաղաքացիության իրավունքը: Յուրաքանչյուր ոք պետք է հաշվառվի և տեսանելի լինի իրենց երկրի ու կառավարության համար և ընդգրկվի համապատասխան ծրագրերում», - ասել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:

«Քաղաքացիություն ունենալը և դրա շնորհիվ պետության պաշտպանության ներքո գտնվելը կարող է փրկարար նշանակություն ունենալ, ինչն է՛լ ավելի է կարևորվում ճգնաժամի ժամանակ՝ անկախ նրանից, թե դա պատվաստում է, տարհանում, թե անհրաժեշտ սոցիալական անվտանգության ապահովում», - ավելացրեց Գրանդին:

Հակամարտության և տեղահանման իրավիճակներում քաղաքացիություն չունեցող մարդիկ կարող են անորոշության մեջ հայտնվել, քանի որ զրկված են որևէ երկրի պետական պաշտպանությունից, չունեն իրավական ինքնության ապացույց, կամ էլ երկուսը՝ միաժամանակ: Նրանք ենթարկվում են նաև COVID-19-ի դեմ պատվաստումներից զրկվելու վտանգին այն ժամանակ, երբ պետությունները համավարակի դեմ պայքարի ծրագրեր են իրականացնում։ Քաղաքացիություն չունեցող անձանց համայնքները կարող են զրկվել նաև սոցիալ-տնտեսական աջակցության փաթեթներից, որոնք նախատեսված են մարդկանց ապրելակերպի վրա համավարակի ազդեցությունը նվազեցնելու համար։ Ավելին, կլիմայի փոփոխության սրմանը զուգընթաց՝ քաղաքացիություն չունեցող անձինք ենթարկվում են եղանակի ծայրահեղ դրսևորումների հետևանքների նվազեցմանն ուղղված պետական միջոցառումներից դուրս մնալու վտանգին։

Ընդհանուր առմամբ, քաղաքացիություն չունենալ՝ նշանակում է զրկվել կրթության, բժշկական օգնության կամ օրինական աշխատանքի հնարավորությունից։ Քաղաքացիություն չունենալը կարող է խոչընդոտել նաև տեղաշարժի ազատությանը, գույքի ձեռքբերմանը, քվեարկությանը, բանկային հաշվի բացմանն ու նույնիսկ ամուսնությանը։ Քաղաքացիություն չունեցող մարդկանց թիվն աշխարհում 4.2 միլիոն է։ Սակայն որևէ երկրի կողմից քաղաքացի չճանաչված անձանց իրական թիվը, ամենայն հավանականությամբ, շատ ավելի մեծ է, եթե հաշվի առնենք տվյալների հավաքագրման խնդիրները:

1961 թ. Կոնվենցիան այն հիմնական միջազգային պայմանագիրն է, որն ուղղված է ապաքաղաքացիության կանխարգելմանն ու նվազեցմանը: Բոլոր պետությունների կողմից գործողության մեջ դրվելու դեպքում այն կօգնի ապահովել, որ ոչ մի երեխա չծնվի առանց քաղաքացիության, ինչն էլ, ի վերջո, կնպաստի ժամանակի ընթացքում ապաքաղաքացիության խնդրի վերացմանը:

2021 թ. օգոստոսի վերջի դրությամբ՝ 77 պետություն միացել է 1961 թ. Կոնվենցիային. գործընթացը մեծ թափ է հավաքել հատկապես վերջին տասնամյակում: 2010 թվականից ի վեր՝ 40 երկիր պաշտոնապես ձևակերպել է ապաքաղաքացիության հիմնախնդրի լուծման իր հանձնառությունը՝ դառնալով Կոնվենցիայի ստորագրող կողմ, այդ թվում՝ բոլորովին վերջերս ստորագրած Իսլանդիան և Տոգոն:

Նույն ժամանակահատվածում հաստատվել է ավելի քան 800,000 քաղաքացիություն չունեցող անձանց քաղաքացիությունը՝ այդպիսով լուծելով նրանց քաղաքացիության խնդիրը։

«Այս հիշարժան տարում ՄԱԿ ՓԳՀ-ն կոչ է անում բոլոր այն պետություններին, որոնք դեռևս չեն միացել Ապաքաղաքացիության կրճատման մասին 1961 թ. կոնվենցիային, այդ փաստաթղթով սահմանված պաշտպանության միջոցները ներառել քաղաքացիությանը վերաբերող ազգային օրենքներում և երաշխավորել յուրաքանչյուրի՝ քաղաքացիություն ունենալու իրավունքը», - նշել է Գրանդին: 

1961 թ. Կոնվենցիային անդամակցությունը «Ապաքաղաքացիությանը վերջ դնելուն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրի գործողություններից մեկն է։ Այս ծրագիրը հիմք է ստեղծում պետությունների համար՝ հասնելու #IBelong Campaign («Ես պատկանում եմ» քարոզարշավ) նպատակներին, որը 2014 թ. մեկնարկել են ՄԱԿ ՓԳՀ-ն և իր գործընկերները՝ ապաքաղաքացիության խնդրին 10 տարում վերջ դնելու նպատակով։ 

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՄԱՓԳՀ
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ