Մամուլի հաղորդագրություն

ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի/ՊԳԿ-ի ուսումնասիրությունները նպաստում են Կովկասի և Կենտրոնական Ասիայի բարձրարժեք անտառների կայուն կառավարմանը

24 հուլիսի 2020

  • Կովկասի և Կենտրոնական Ասիայի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան) անտառները հազվադեպ են միջազգային հոդվածների թեմա դառնում և անտառների պահպանման ու կայուն կառավարման վերաբերյալ համաշխարհային մակարդակի բանավեճերից, որպես կանոն, դուրս են թողնվում։ Այդուհանդերձ, անտառներն էական նշանակություն ունեն այս հսկայական տարածաշրջանի համար, որի ընդհանուր տարածքը գրեթե հավասար է Եվրոպական միության զբաղեցրած տարածքին։ Դրանք կարևորագույն դեր ունեն հողերի էրոզիայից և կորստից պաշտպանության, արժեքավոր կենսաբազմազանության պահպանության հարցերում՝ ծառայելով որպես ածխաթթու գազի կլանիչներ և օժանդակելով տարածաշրջանում բնակություն հաստատած մեծաթիվ գյուղական բնակչության կենսապահովմանը։

Այս անտառների՝ փաստերի վրա հիմնված կառավարումն ապահովելու համար ՄԱԿ-ի ԵՏՀ-ն և ՊԳԿ-ն հրապարակել են երկլեզու (անգլերեն և ռուսերեն) ուսումնասիրություններ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի վերաբերյալ, որտեղ հանգամանորեն նկարագրված են այդ երկրներից յուրաքանչյուրի անտառային ռեսուրսները և անտառային տնտեսության բնագավառը, ինչպես նաև անտառների կայուն կառավարման հետ կապված մարտահրավերների հասցեագրման գործող քաղաքականությունները և հաստատությունները։

«Որպես այդպիսիք՝ դրանք տարածաշրջանում քաղաքականություն մշակողների համար գործնական ռեսուրս են հանդիսանում` պլանավորելու և իրականացնելու այնպիսի քաղաքականություններ, որոնք տեղական համայնքներին հնարավորություն կտան լիարժեք օգտվելու իրենց մերձակա անտառների բարիքներից, միաժամանակ ապահովելով, որ այդ բարիքները հասանելի լինեն նաև ապագա սերունդներին», - ասաց ՊԳԿ-ի Անտառտնտեսության հարցերով պատասխանատու՝ Էքրեմ Յազիչին:

Ներկայում Կենտրոնական Ասիայի և Կովկասի ութ երկրներում անտառների ընդհանուր տարածքը կազմում է տարածքների ընդամենը 4 և 13 տոկոսը, բացառությամբ Վրաստանի, որտեղ այդ թիվը մոտենում է 40 տոկոսին: Վերջին տասնամյակների ընթացքում անտառները ենթարկվել են տարատեսակ ճնշումների՝ կապված տարածաշրջանին բնորոշ խիստ կլիմայի հետ, ինչն ավելի Է սրվել կլիմայի փոփոխության արդյունքում, ինչպես նաև դրանց գերարածեցման ու զգալի ծավալների հատումների հետ, որոնք կատարվել են տեղական համայնքներին վառելափայտ ապահովելու նպատակով: 

«Կովկասի և Կենտրոնական Ասիայի անտառները խիստ բազմազան և արժեքավոր են, ուստի դրանք տեղական և միջազգային հանրույթի կողմից ավելի մեծ ուշադրության և ճանաչման են արժանի: Հուսով ենք, որ այս հրապարակված փաստաթղթերը կօգնեն համախմբելու աջակցությունն ու ռեսուրսները՝ ուղղելով դրանք անտառների պատշաճ պաշտպանությանը, կայուն կառավարմանը և վերականգնմանը», - ասել է Տնտեսական հարցերով պատասխանատու՝ Ռոման Միխալակը, որը համակարգել է այդ ուսումնասիրությունների նախապատրաստական աշխատանքները:

Սակայն միայն բնական և մարդածին դժվարությունները չեն, որ այս տարածաշրջանի անտառների կայուն կառավարումն առավել խնդրահարույց են դարձնում: Մինչև վերջերս, միջազգային մակարդակում Կենտրոնական Ասիայի և Կովկաս անտառների վիճակի մասին շատ քիչ տեղեկություններ էին հայտնի։ Ավելին, մինչ այդ հասանելի տեղեկությունների առանձին պատառիկներ հրապարակվում էին տարբեր աշխատություններում և աղբյուրներում, որոնցից և ոչ մեկը չէր արտացոլում տարածաշրջանին բնորոշ առանձնահատկությունները և մարտահրավերները։  

Այս իրադրությունը փոխելու նպատակով և ազգային փորձագետների հետ սերտ համագործակցությամբ դեռևս 2019 թվականին ՄԱԿ-ի ԵՏՀ-ն և ՊԳԿ-ն մեկնարկեցին Կովկասի և Կենտրոնական Ասիայի անտառների վիճակի վերաբերյալ առաջին աննախադեպ և համապարփակ ուսումնասիրությունը։ Այս ուսումնասիրությանը հաջորդեց և այն լրացրեց «Կովկասում և Կենտրոնական Ասիայում անտառների կայուն կառավարման չափանիշների և ցուցանիշներ մշակման ուղեցույցը», որը մշակվեց տարածաշրջանի երկրների՝ չափանիշների և ցուցանիշների մշակման ազգային կարողությունների, ինչպես նաև անտառների կայուն կառավարման հաշվետվողականության համակարգերի հզորացման ծրագրի շրջանակում:

Առավել մանրամասն տեղեկությունների համար տես ստորև.

  • Ութ երկրների նկարագրությունները հասանելի են այս հղումով։
  • «Կովկասի և Հարավային Ասիայի անտառների վիճակը» փաստաթուղթը հասանելի է այս հղումով։
  • «Անտառների կայուն կառավարման չափանիշների և ցուցանիշների մշակման ուղեցույցը» հասանելի է այս հղումով։
  • Անտառներին առնչվող մեր աշխատանքների մասին ավելի մանրամասն տեղեկությունների համար այցելել ՄԱԿ-ի ԵՏՀ/ՊԳԿ վեբ կայք։

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՊԳԿ
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
ԵՏՀ
ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողով

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ