Մամուլի հաղորդագրություն

ՄԱԿ ՓԳՀ. Աշխարհի առաջնորդները պետք է ջանքեր գործադրեն` ուղղված տեղահանման աճի միտման հակադարձմանը

18 հունիսի 2021

  • ՄԱԿ ՓԳՀ-ն՝ ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը, այսօր աշխարհի առաջնորդներին կոչ է անում կրկնապատկել խաղաղությանն ու համագործակցությանն ուղղված իրենց ջանքերը՝ դադարեցնելու համար բռնության և հետապնդման պատճառով տեղահանման տասնամյակ ձգվող աճի միտումը և սկսել հակառակ գործընթացը: 

Չնայած համավարակին, պատերազմների, բռնության, հետապնդման և մարդու իրավունքների ոտնահարման հետևանքով փախուստի դիմած անձանց թիվը 2020թ. հասել է մոտ 82.4 միլիոնի, ինչպես փաստում է ՄԱԿ ՓԳՀ «Գլոբալ միտումներ» տարեկան զեկույցը, որն այսօր հրապարակվեց Ժնևում: Վերջինս չորս տոկոսով ավել է 2019 թվականի վերջին արձանագրված ռեկորդային բարձր՝ 79.5 միլիոնից։

Զեկույցում նշվում է, որ 2020 թ. վերջին ՄԱԿ ՓԳՀ մանդատի ներքո գտնվող փախստականների թիվը կազմել է 20.7 միլիոն, 5.7 միլիոն պաղեստինցի փախստական և 3.9 միլիոն վենեսուելացի, որոնք տեղահանվել են իրենց երկրից: Եվս 48 միլիոն մարդ ներքին տեղահանման են ենթարկվել իրենց երկրներում: Ավելի քան 4.1 միլիոնն ապաստան հայցողներ էին: Այս թվերը վկայում են այն մասին, որ չնայած համավարակին և համաշխարհային հրադադարի կոչերին, հակամարտությունը շարունակում է հարկադրել մարդկանց լքել իրենց տները:

«Յուրաքանչյուր թվի հետևում անձ է, ով հարկադրաբար փախուստի է դիմել և ունի տեղահանման, ունեզրկման ու տառապանքի մի առանձին պատմություն: Նրանք արժանի են մեր ուշադրությանն ու աջակցությանը՝ ոչ միայն մարդասիրական օգնության տրամադրման, այլև իրենց դժվարին դրության համար լուծումներ գտնելու միջոցով»:

Թեև 1951 թ. «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիան և «Փախստականների մասին գլոբալ համաձայնագիրը» տեղահանմանն արձագանքելու իրավական դաշտ և գործիքներ են ապահովում, մեզ ավելի մեծ քաղաքական կամք է հարկավոր՝ մարդկանց փախուստի պատճառ դարձած հակամարտությունների և հետապնդումների խնդրի հասցեագրման համար», - ասաց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպպո Գրանդին:

Բռնի տեղահանված մարդկանց 42 տոկոսը 18 տարեկանից ցածր աղջիկներ ու տղաներ են։ Նրանք առանձնակի խոցելի են հատկապես երկարամյա ճգնաժամերի պարագայում: ՄԱԿ ՓԳՀ-ի նոր տվյալների համաձայն՝ 2018 և 2020 թվականների ընթացքում գրեթե մեկ միլիոն երեխա փախստականի կարգավիճակով է աշխարհ եկել: Նրանցից շատերը կարող են տարիներ շարունակ փախստական մնալ։

«Այսքան շատ երեխայի տեղահանման ընթացքում ծնված լինելու ողբերգությունը միայն, արդեն իսկ բավականաչափ ծանրակշիռ պատճառ է, որ ավելի ու ավելի մեծ ջանքեր գործադրվեն հակամարտության ու բռնության կանխարգելման և վերացման ուղղությամբ», - նշում է Գրանդին:

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև այն հանգամանքին, որ 2020 թ. համավարակի տարածման գագաթնակետին ավելի քան 160 երկիր փակել էր իր սահմանները, իսկ 99 պետություն անգամ պաշտպանություն փնտրող մարդկանց համար որևէ բացառություն չէր սահմանել։  Այնուամենայնիվ, բարելավված միջոցառումների օգնությամբ, ինչպիսիք են սահմանային անցակետերում բժշկական ստուգումները, առողջապահական հավաստագրումը կամ ժամանելիս ժամանակավոր կարանտինը, հաշվառման պարզեցված ընթացակարգերը և հեռավար հարցազրույցները, հնարավորություն ստեղծեցին ավելի ու ավելի շատ երկրների գտնել ապաստանի ապահովման հասանելիության տարբերակներ, միևնույն ժամանակ փորձելով կանխել համավարակի տարածումը։

Չնայած մարդիկ շարունակում էին տեղահանվել իրենց երկրների սահմաններից դուրս, միլիոնավորներն էլ տեղահանվել են իրենց իսկ երկրի ներսում: Ներքին տեղահանված անձանց թիվն աճել է ավելի քան 2.3 միլիոնով, որը հիմնականում պայմանավորված է Եթովպիայում, Սուդանում, Սահելի երկրներում, Մոզամբիկում, Եմենում, Աֆղանստանում և Կոլումբիայում ընթացող ճգնաժամերով։

2020 թվականի ընթացքում շուրջ 3.2 միլիոն ՆՏԱ և ընդամենը 251,000 փախստական է հայրենիք վերադարձել, որը 2019 թվականի համեմատ, համապատասխանաբար 40 և 21 տոկոսով նվազում է նշանակում: Եվս 33,800 փախստական իրենց ապաստան տրամադրած երկրի քաղաքացիություն է ստացել։ Վերաբնակեցված փախստականների թիվը կտրուկ անկում է արձանագրել. անցած տարի ընդամենը 34,400 փախստական է վերաբնակեցվել, ինչը վերջին 20 տարվա ամենացածր մակարդակն է՝ վերաբնակեցման վայրերի թվի կրճատման և Covid19-ի պատճառով:

«Խնդրին լուծում տալու համար աշխարհի առաջնորդները և ազդեցիկ անձինք պետք է մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները ու քաղաքականության նկատմամբ եսակենտրոն ​​մոտեցումները և ուժերը կենտրոնացնեն հակամարտության կանխարգելման, լուծման ու մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ապահովման ուղղությամբ», - ասում է Գրանդին:

 

ՄԱԿ ՓԳՀ 2020 թ. Գլոբալ միտումների զեկույց. հիմնական տվյալներ

  • Ընդհանուր 82.4 միլիոն բռնի տեղահանված անձ (2019 թվականին՝ 79.5 միլիոն). 4 տոկոս աճ
    • 26.4 միլիոն փախստական ​​(2019 թվականին՝ 26.0 միլիոն), այդ թվում՝
      • 20.7 միլիոն փախստական՝ ՄԱԿ ՓԳՀ մանդատի ներքո (2019 թվականին՝ 20.4 միլիոն)
      • 5.7 միլիոն պաղեստինցի փախստական՝ ՄԱՕԱ մանդատի ներքո (2019 թվականին՝ 5.6 միլիոն)
    • 48.0 միլիոն ներքին տեղահանված անձ (2019 թվականին՝ 45.7 միլիոն)
    • 4.1 միլիոն ապաստան հայցող ​​(2019 թվականին՝ 4.1 միլիոն)
    • 3.9 միլիոն վենեսուելացի տեղահանվել է արտերկիր (2019 թվականին՝ 3.6 միլիոն)
  • 2020 թվականն աշխարհում բռնի տեղահանության անընդմեջ աճի իններորդ տարին է: Այսօր մարդկության մեկ տոկոսը տեղահանված է և կրկնակի ավելի շատ բռնի տեղահանվածներ կան, քան 2011 թվականին, երբ ընդհանուր թիվը 40 միլիոն էր:
  • Երկիրը հարկադրաբար լքածների ավելի քան երկու երրորդը գալիս է ընդամենը հինգ երկրից. Սիրիա (6.7 միլիոն), Վենեսուելա (4.0 միլիոն), Աֆղանստան (2.6 միլիոն), Հարավային Սուդան (2.2 միլիոն) և Մյանմար (1.1 միլիոն)։
  • Աշխարհի փախստականների մեծամասնությունը՝ 10 փախստականից գրեթե ինը (86 տոկոս), հյուրընկալվում են ճգնաժամային տարածքներին կից ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներում: Ամենաքիչ զարգացած երկրներն ապաստան են տրամադրել ընդհանուր թվի 27 տոկոսին:
  • Թուրքիան յոթերորդ տարին անընդմեջ հյուրընկալել է աշխարհի ամենամեծ փախստական ​​բնակչությանը (3.7 միլիոն փախստական), որին հաջորդում է Կոլումբիան (1.7 միլիոն, այդ թվում՝ արտերկիր տեղահանված վենեսուելացիների), Պակիստանը (1.4 միլիոն), Ուգանդան (1.4 միլիոն) և Գերմանիան (1.2 միլիոն)։
  • Ապաստանի առկախված հայցերի թիվն աշխարհում պահպանվել է 2019 թ. մակարդակի վրա (4.1 մլն), սակայն անդամ պետությունները և ՄԱԿ ՓԳՀ-ն համատեղ շուրջ 1.3 միլիոն ապաստանի անհատական ​​հայց են գրանցել, որը 2019 թ. ցուցանիշից մեկ միլիոնով պակաս է (43% պակաս):

Այս նախաձեռնությանը մասնակցող ՄԱԿ-ի գործակալությունները

ՄԱՓԳՀ
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ

Նպատակները, որոնց մենք աջակցում ենք այս նախաձեռնությամբ